Բնավորության մասին

IMG_6933

Սա մեր գրապահարանն է, այսինքն պապիս ու տատիս տան: Չգիտեմ, երբ են առել, իմ ողջ գիտակցական կյանքում այս պահարանը գորյություն ունի: Ներքևի մասում՝ ուր փայտյա դռներն են, միշտ պահվել են փաստաթղթեր և նկարներ:

Էս դռներն ունեն կապրիզներ: Աջակողմյանը բռնակ ունի, նաև շատ սահուն և հեշտությամբ է շարժվում, ինչը չես ասի ձախակողմյանի մասին: Հերիք չի բռնակը կոտրված է՝ իմ ողջ գիտակցական կյանքում այդպես է եղել, նաև ահավոր դժվար է շարժվում: Ամեն անգամ նայելով էս դռանը՝ հիշում եմ, թե ինչպես էր տատս ինձ ուղարկում ալբոմները բերելու, ինչպես էի ես մի կերպ հարվածելով բացում այն, և ինչպես էի, մատներս ցավացնելով, մի կերպ փակում: Անգամ հիմա եմ հիշում մատներիս ցավը:

Բայց հարցը միայն էս գրապահարանի մասին չէ, հետաքրքիր է, որ ամեն իր ունի իր բնավորությունը ամեն դուռ կողպելու իր սամթը, ամեն ծորակ բացելու իր ձևը, ամեն մեքենա իր ՙՙկոնուսի՚՚ թուլությունը:

Մտածում ես, որ ախր փայտ է, մետաղ, ռետին, էլ չգիտեմ ինչ, պետք է բացարձակ նույն կերպով աշխատեն, արի ու տես, որ ո՛չ, անգամ իրերն ունեն իրենց բնավորությունը:

Ամենաանտանելին երբ նոր տեղ ես գնում կարճ ժամանակով,  և մինչ հարմարվում ես ցնցուղի՝ տաք և սառը ջրերի համադրությանը մեկնելուդ ժամանակն է գալիս: